ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ ոստիկանության տարեկան բյուջեն ավելացվել է ավելի քան 2 մլրդ դրամով։
Դրա հիմնական մասը` 1 մլրդ 980 մլն դրամը` ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը` սննդի ապահովման գումարը։
Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, սակայն կառավարության կայքում հրապարակված նախագծում նշված է, որ աշխատավարձերի ու հավելավճարների ավելացումը պայմանավորված է Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում պարեկային ծառայության նոր ձևավորված ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերի ապահովման նպատակով։
«Առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ․-ին ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի չափերի նվազեցմանը, որը թույլ չտալու համար առաջարկվում է լրացուցիչ հատկացնել 1.980,0 մլն դրամ»,- ասված է որոշման նախագծում:
Ինչ վերաբերում է 215 մլն դրամին, հրապարակված նախագծի համաձայն` այդ գումարն անհրաժեշտ է ոստիկանության արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովմանը` օրական 3 անգամ, 2970 դրամ մրցութային գնով։
Հիշեցնենք` մայիսին ընդդիմությունը հայտարարեց, որ ոստիկանները բարձր պարգևավճարներ են ստացել։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էին ՀՀ ոստիկանությունից, հայտնելով, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարվա մայիսին ընդհանուր առմամբ 3.1 մլրդ դրամ պարգևատրում են ստացել։