Հասկանում ենք` ինչ է կատարվում ՀՀ–ում. Վլադիմիր Պուտինն ու Վահագն Խաչատուրյանը հանդիպել են

Վահագն Խաչատուրյանն ու Վլադիմիր Պուտինը
Պուտինի և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի առաջին հանդիպումը կայացել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է տեղի ունենում Հայաստանում, շահագրգռված է, որ երկրում իրավիճակը կայուն լինի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու հարցում։ Շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի, երաշխավորվի շարունակական զարգացումը», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։
«Մենք դա գնահատում ենք», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Պուտինը վստահություն է հայտնել, որ Խաչատուրյանի աշխատանքը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ եղբայրական ժողովուրդների:
Սա Պուտինի և Հայաստանի նախագահի առաջին հանդիպումն է։ Զրույցն ընթանում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: