ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` նշելով, որ նախարարներն հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը։
«Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը բարձր է գնահատել Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդեռլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձևերի ընդունումը: Նա իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի։
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։