ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի -Sputnik. Ուկրաինան ստեղծված իրավիճակում չի կարող իր երկրում անցկացնել «Եվրատեսիլ-2023» մրցույթը։ Այս մասին ասվում է մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ:
Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը բանակցություններ կսկսի հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում «Եվրատեսիլի» անցկացման շուրջ:
Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ «Եվրատեսիլ-2023» երաժշտական մրցույթը կարող է կայանալ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի փոխարեն: Մեծ Բրիտանիան, որը մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը, ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ մրցատոնն ընդունելուն:
Հիշեցնենք, որ իտալական Թուրինում կայացած «Եվրատեսիլ-2022»-ի հաղթող ճանաչվեց ուկրաինական «Kalush Orchestra» խումբը։