ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Երևանի բուսաբանական այգում կառուցվող 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված այգու` «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Երկու օր առաջ նախագիծը փոխանցվել է ՏԿԵՆ-ին։ Ներկայում արդեն փորձագետի հետ պայմանագիրը ստորագրված է, և փորձագիտական կարծիքին ենք սպասում։ Նախատեսվում է, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մենք կունենանք այդ կարծիքը և կարող ենք սկսել արդեն շինարարական աշխատանքի մրցույթը»,– ասաց Հարությունյանը։
Նա նաև հայտնեց, որ նախատեսվում է կառուցել ամբողջությամբ նոր ոռոգման համակարգ` մի քանի կմ երկարությամբ խողովակաշարով։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 4.2 մլրդ դրամ, որից շուրջ 200 մլն–ը` նոր ոռոգման համակարգն է։
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ շինարարությունը կտևի շուրջ 3 տարի։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այգին պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը, ոչ թե մահվան։
«Մեր տրամաբանությունն այն է, որ դա պիտի լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան ընտանիքներով, ժամանակ անցկացնեն, երեխաները խաղաղ, վազվզեն, և դա պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը, ոչ թե մահվան»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ պուրակը կզբաղեցնի 30 հեկտար տարածք, որի վրա նախատեսվում է տնկել շուրջ 14 000 ծառ:
Պուրակում նախատեսվում է տեղադրել կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձան, որի լուծումները կտան մասնագետները: