ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ժամկետը կերկարացվի մինչև 2025 թվականը

Թեհրանում ստորագրվել է ժամանակավոր համաձայնագրին կից արձանագրությունը, որով նախատեսվել է Իրանի հետ ազատ առևտրի ժամկետը երկարացնել ևս 3 տարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 27-ը կամ մինչև Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, եթե դա տեղի ունենա ավելի շուտ։
Հայաստանը շահագրգիռ է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ. Փաշինյան
Նման որոշում է ընդունել այսօր ՀՀ կառավարությունը` հավանություն տալով այդ մասին ԵԱՏՄ-Իրան համաձայնագրին կից ստորագրված վերջին արձանագրությանը։

Բանն այն է, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018թ․ մայիսի 17-ին, ուժի մեջ է մտել 2019թ. ապրիլի 11-ին:

Ժամանակավոր համաձայնագրով նախատեսված է ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակով բանակցություններն ավարտել 3 տարվա ընթացքում, հակառակ դեպքում՝ որոշում ընդունել ժամանակավոր համաձայնագրի կիրառումը շարունակելու մասին:
Հաշվի առնելով այն փաստը, որ կողմերը դեռևս չեն ավարտել բանակցությունները, 2022 թվականի մարտի 14-ին Թեհրանում ստորագրվել է ժամանակավոր համաձայնագրին կից արձանագրությունը, որով և նախատեսված է Իրանի հետ ազատ առևտրի ժամկետը երկարացնել ևս 3 տարով` մինչև ազատ առևտրի մասին վերջնական համաձայնագրի ուժի մեջ մտնելը։
Արձանագրությունը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը Ղրղզստանը, Ռուսաստանը և Իրանը։