Չարժե դրա վրա ժամանակ ծախսել. նախարարը` պատվավոր կոչումները չեղարկելու նախագծի մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ. Արխիվային լուսանկար
Նախարարության դիտարկմամբ` պատվավոր կոչումները ձևավորում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Մշակութային գործիչների իրական գնահատականը տալիս է հանդիսատեսը, ժողովուրդը։
Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` մեկնաբանելով «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում նախարարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։

«Չեմ կարծում, որ արժե դրա վրա ժամանակ ծախսել։ Ի վերջո, վկայականով չի որոշվում` դու ժողովրդակա՞ն արտիստ ես, թե ոչ։ Ժողովրդականը նա է, որ նույնիսկ կասկած չի առաջանում, որ ժողովրդական է։ Նման անուններ մենք ունենք, դուք գիտեք, չարժե նույնիսկ մանրացնել այդ խոսակցությունը»,- ասաց Դումանյանը։

Նշենք, որ հունիսի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Միաժամանակ, որպես վաստակի գնահատման չափանիշ, նախարարությունն առաջարկում է պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումները։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ փորձը ցույց է տալիս, որ պատվավոր կոչումները ձևավորում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում:
ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետներն ամեն ամիս ստանում են 40 000 դրամ պարգևավճար: