ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսական ավիացիան անցած օրվա ընթացքում բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացրել է «Ազով» ազգային խմբավորման շտաբը (ՌԴ-ում դրա զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել) Խարկովի մարզի Պեսոչին բնակավայրի շրջանում, ինչպես նաև երկու սպառազինության պահեստ ու հրետանու 10 կրակային դիրք: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Բացի այդ, ԴԺՀ-ի Սպորնոյե ու Վիեմկա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության ու զինամթերքի երկու պահեստ:
Ընդհանուր առմամբ, գեներալի խոսքով, ռուսական ռազմական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 200 ուկրաինացի ազգայնականների, «Բուկ-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրների երկու արձակման կայաններ ու 10 տանկ:
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 58 շրջան», - ճշտել է նա:
Հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում Ուկրաինայում ոչնչացրել են ավելի քան 350 ազգայնականների, խոցել են ուկրաինական ուժերի 240-ից ավելի դիրքեր:
Կոնաշենկովն ամփոփել է, որ ընդհանուր առմամբ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել են 205 ինքնաթիռ, 131 ուղղաթիռ, 1233 անօդաչու թռչող սարք, 342 զենիթային հրթիռային համալիր, 3587 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 539 մարտական մեքենա, 2013 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3658 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 114-րդ օրը։