Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը. Միրզոյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին

Արարատ Միչզոյանը
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ ԵԽ-ն պետք է ավելի հաստատակամ լինի, որպեսզի Ադրբեջանը հարգի ՄԻԵԴ–ի որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, Մարդու իրավունքների հանձնակատարի նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիային։
Այս մասին այսօր հանդիպման ավարտին մամուլի համար հայտարարության ընթացքում հայտնեց Արարատ Միրզոյանը։
«Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020թ–ին, ԼՂ հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Եվ այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի ԵԽ-ի և անդամ երկրների կողմից»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտնեց, որ հանդիպման ընթացքում վերահաստատել է նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
«Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել համընդհանուր հիմնարար իրավունքներից»,– ասաց նախարարը։
Միրզոյանը նաև արձանագրեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ` Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ու Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումը, Միրզոյանի բնորոշմամբ, անընդունելի է։
Նույնկերպ ԱԳ նախարարն անընդունելի որակեց նաև Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկումը։
ԱԳ նախարարն ընդգծեց, որ այս բոլոր հարցերում ԵԽ–ն, ԵԽ–ի համապատասխան մարմիններն ու ղեկավարները պետք է ավելի հաստատակամ լինեն ու բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն ՄԻԵԴ–ի որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, Մարդու իրավունքների հանձնակատարի նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները։
ԼՂ-ի հակամարտությունը մնում է չլուծված. Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին