ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Անվտանգության համաշխարհային համակարգը ճգնաժամ է ապրում, և տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող պայմանավորվածությունները դադարում են գործել։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ընդլայնված նիստից հետո կարծիքը փոխանցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսլավ Զասը` ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարություն անելիս։
Կառույցի ղեկավարը նշեց, որ Երևանում կայացած նիստում մանրամասն վերլուծվել է աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը և կազմակերպության պատասխանատվության գոտում առկա իրավիճակը: Զասը շեշտեց` աշխարհում առանցքային խաղացողների միջև վստահության մակարդակը հասել է ծայրահեղ ցածր մակարդակի:
«Մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության պատճառով սրման միտում ունեն»,- ասաց Զասը:
Այս առումով ՀԱՊԿ անդամների սկզբունքային դիրքորոշումը, որը հնչել է նաև Երևանում կայացած նիստում, մնում է նույնը. կազմակերպությունը հավատարիմ է իր սկզբունքներին, որ բոլոր հակասությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ձևաչափով։
Դրա հետ մեկտեղ, ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անդամ երկրների անվտանգության բարձրացման բոլոր անհրաժեշտ միջոցները։ Հատուկ ուշադրություն է դարձվում ուժային բաղադրիչին։
Զասը դա անվանեց անվտանգության ապահովման գլխավոր գործիքներից մեկը։ Նա հավելեց, որ կարևոր բաղադրիչ է նաև հատուկ ծառայությունների և օպերատիվ կառույցների մակարդակով սերտ համակարգումը։
Նշենք, որ այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է Հայաստանը։
Հանդիպման արդյունքում ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը և մի շարք այլ փաստաթղթեր։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: