«Անտարեսի» տնօրենի գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Քննչական կոմիտե
Հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է գործով դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով կասկածյալներից մեկը, որի հանդեպ հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2022 թվականի ապրիլի 27-ին` ժամը 20:40-ի սահմանում, Երևանի Լեոյի փողոցում հավաքի մի խումբ մասնակիցներ բռնություն էին գործադրել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ` նրա վրա պլաստիկե շշեր նետելով։
Գործով 2 անձ է որպես մեղադրյալ անցնում, որոնցից մեկին` Ա.Խ.-ին, կալանավորել էին, իսկ 50-ամյա Ա.Ա.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խուլիգանության հատկանիշներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: