ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացվեց 268 519 500 դրամ՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացրած շինարարական կազմակերպություններին վճարելու համար։
Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այս գումարի շրջանակում նշված մարզերի 18 բնակավայրերում իրականացվել է 20 սուբվենցիոն ծրագիր։
«Այս ծրագրերը բոլորն ավարտված են, և մենք իրականացնում ենք կառավարության պարտավորությունը` շինարարներին իրենց աշխատանքի համար վճարելով»,– ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` 2022թ–ի հունվարից ի վեր կառավարությունն արդեն 229 սուբվենցիոն ծրագրերի համար 5.6 մլրդ դրամ գումար է հատկացրել, այսօր հաստատված 20 ծրագրերի հետ` 5.9 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ`ծրագրի մեկնարկից ի վեր` 2021 թվականից,սուբվենցիաներ ստանալու համար միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվել է 673 սուբվենցիոն ծրագիր: Հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես` համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սուբվենցիոն ծրագրերում ներառել նաև կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցման ծրագրերը։