«Ուրախ կլինեմ օգնել». Նիկոլ Փաշինյանը Արտեմ Պատապուտյանին պարգևատրել է շքանշանով

Արտեմ Պատապուտյանն ու Նիկոլ Փաշինյանը
Արտեմ Պատապուտյանն ասել է, որ պատրաստ է իր գիտելիքներով, փորձով ու ներուժով նպաստել ՀՀ-ում գիտության և կրթության զարգացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին, որը Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր պատրաստակամության համար՝ աջակցելու Հայաստանում գիտության, կրթության զարգացմանը: Այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից է և, կարծում ենք, որ գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան: Իհարկե, մեր հայրենակիցների ներուժն այս գործում ներգրավելը մեզ համար կարևոր է, եթե նման պատրաստակամություն կա»,- ասել է Փաշինյանը։
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
Պատապուտյանն իր հերթին նշել է, որ շատ գոհ է հայաստանյան այցից։
«Իմ հանդիպած ուսանողների աչքերի ուրախությունը իսկապես ապշեցուցիչ է, և կարծում եմ` նույնիսկ ԱՄՆ-ն այսպես չի գնահատում իր երիտասարդ գիտնականներին։ Շատ ուրախ կլինեմ օգնել որևէ կերպ, իմ հնարավորությունների սահմաններում»,- նշել է նա։
Փաշինյանը Պատապուտյանին կենսաբանության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
Արտեմ Պատապուտյանն իր Նոբելյան մրցանակը հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին