ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ուկրաինացի գիտնականները մասնակցել են նոր վիրուսների ստեղծման ամերիկյան P-268 նախագծին. վարակները կարող էին տեղափոխել Aedes ցեղի մոծակները: Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
«Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել վիրուսները, որոնք կարող են վարակել Aedes տեսակի մոծակներին։ Ըստ տեխնիկական առաջադրանքի՝ վիրուսային դեղամիջոցը մշակվել է Կիևի ինստիտուտի կողմից ու տեղափոխվել է ԱՄՆ՝ դաշտային աերոկենսաբական հետազոտություններ անցկացնելու համար»,- ասել է Կիրիլովը:
Կիրիլովը տեղեկացրել է, որ 2013 թվականին Աֆրիկայում դեղին տենդի վերջին խոշոր բռնկման ժամանակ գրանցվել է հիվանդության ծանր ձևի 170 հազար դեպք, որոնցից 60 հազարն ավարտվել է մահով:
Նա պարզաբանել է, որ ամերիկյան P-268 նախագծի իրականացմանը մասնակցել են Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանը ու Կոլորադո նահանգի համալսարանը:
Նա մեջբերել է Ուկրաինական գիտատեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրեն Էնդրյու Հուդի խոսքը ԱՄՆ Պետդեպարտամենտի վերաբերյալ նախագծի շրջանակում հետազոտություններ կազմակերպելու հարցի մասին. «Մասնակիցների ավելի քան 30 տոկոսը զանգվածային ոչնչացման զենքի բնագավառում մշակումների փորձ ունեցող նախկին գիտնականներ են»:
Կիրիլովը հիշեցրել է, որ Aedes մոծակների կողմից փոխանցվող դենգե վիրուսի կանխամտածված բռնկումները, որոնք ուսումնասիրվել են Ուկրաինայում, 70-80-ական թվականներին տեղի են ունեցել Կուբայում:
Գեներալն ընդգծել է, որ այդ համաճարակի հետևանքով հիվանդացել է 345 հազար մարդ, նրանցից 158-ը մահացել է: Նրա խոսքով՝ դա դենգե վիրուսի երկրորդ սերոտիպի տարածման հետևանք էր, որն ավելի վաղ Կարիբյան ավազանի երկրներում չէր գրանցվել, և բռնկումը «դիտավորյալ բնույթի ակնհայտ նշաններ է ունեցել»:
Իսկ ԼԺՀ-ի բնակիչների ու զինծառայողների շրջանում ինֆեկցիոն հիվանդությունները հաճախացել են 2015 թվականին Պենտագոնի կողմից ուկրաինական կենսաբանական ծրագրերի ֆինանսավորման սկսվելուց հետո:
«Ըստ ԴԺՀ առողջապահության նախարարության զեկույցի՝ 2016 թվականին տուլյարեմիայով հիվանդացությունը 2007 թվականի համեմատ աճել է 9,5 անգամ։ Հիվանդացության կառուցվածքում նաև տարբերակիչ նշաններ են արձանագրվել, այդ թվում՝ հիվանդացած զինծառայողների թվի ավելացում»,- նշել է գեներալը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՌԴ ՊՆ-ն որոշել է չբացահայտել այդ մարդկանց անձնական տվյալները, տեղեկությունները փոխանցվել են Ռուսաստանի քննչական կոմիտե:
«Հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ի փաստաթղթերում տուլյարեմիան դիտարկվում է որպես առաջնային կենսաբանական ագենտներից մեկը։ Հենց այդ հարուցիչն է օգտագործվել Շվեդիայի զորավարժարաններում ՆԱՏՕ-ի զորավարժանքների ընթացքում, 2012 թվականին դա պաշտոնապես հաստատվել է»,- ասել է գեներալը։
Նա նաև նշել է, որ 2017 թվականից մինչև հիմա Ուկրաինայի 12 մարզերում, որտեղ գտնվում են Պենտագոնի կենսաբանական օբյեկտները, արձանագրվել են հեպատիտ Ա-ի մի քանի տասնյակ բռնկումներ: Ըստ Կիրիլովի՝ հիվանդացել է ավելի քան 10 հազար մարդ, հիվանդությունների պատճառը մեծ մասամբ հայտնի չէ:
«Բացի այդ, ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքին, որ հունիսի 9-ին Պենտագոնի կայքում հրապարակվել է պաշտոնական հայտարարություն հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության մասին։ Դրանում ամերիկյան վարչակազմն ընդունել է 46 ուկրաինական կենսալաբորատորիաների ֆինանսավորման փաստը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կապը ուկրաինական գիտատեխնոլոգիական կենտրոնի հետ»,- հայտնել է Կիրիլովը:
Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման փաստով: Ըստ ՔԿ-ի տվյալների՝ 2005 թվականից ԱՄՆ-ն Ուկրաինայում ավելի քան 224 մլն դոլար ընդհանուր գումարի կենսաբանական ծրագրեր է ֆինանսավորել: Բացի այդ, ՌԴ ՔԿ-ն կարողացել է հստակ որոշել այդ ռազմական-կենսաբանական գործունեության հետ կապված անձանց շրջանակը։