Թեհրանը, Մոսկվան և Անկարան քննարկել են Թուրքիայի հավանական գործողությունները Սիրիայում

Ալեքսանդր Լավրենտև
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով` ռուսական կողմը փորձել է համոզել, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են թուրքական հավանական գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հայտարարել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Հունիսի 15-16-ը Ղազախստանում ընթանում է Սիրիայի կարգավորման հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակով բանակցությունների 18-րդ փուլը, որին մասնակցում են Սիրիայի կառավարության և ընդդիմության, ինչպես նաև ՄԱԿ–ի ներկայացուցիչները։
Ինչո՞ւ է Թուրքիան կրկին ցանկանում Սիրիայում գործողություն սկսել. թուրքագետի տեսակետը
«Խորհրդակցությունները շարունակվում են։ Երեկ բավական ինտենսիվ շփում է եղել, գրեթե բոլոր պատվիրակությունների հետ բանակցել ենք` իրանական, թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, սևեռվել էր Սիրիայի տարածքում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրությանը», – ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին է ասել Լավրենտևը։
Նրա խոսքով` ռուսական կողմը թուրքական կողմին փորձել է համոզել հարցը լուծել խաղաղ ճանապարհով` չդիմելով բռնության։
Լավրենտևն ընդգծել է, որ կողմերն այժմ համաձայնեցնում են վերջնական հայտարարությունը, խորհրդակցություններ կլինեն նաև դիտորդների` Լիբանանի, Իրաքի, Հորդանանի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԶՈւ–ն հակաահաբեկչական գործողություն կսկսի երկրի սահմաններին, շուտով այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի։ ԶԼՄ–ների տվյալներով` գործողությունները կանցկացվեն Սիրիայի 4 շրջաններում։