ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է ՀՀ հարավարևմտյան սահման։
Ինչպես հայտնում են ՊՆ–ից, նախարարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Սուրեն Պապիկյանն այցելել է սահման, ծանոթացել մարտական դիրքերի նոր կահավորմանը
© Photo : official site of MoD of RA
Սուրեն Պապիկյանին ներկայացրել են մարտական դիրքերի կահավորման ինժեներական և տեխնիկական նոր լուծումները, որոնք կոչված են առավել անվտանգ դարձնելու մարտական հերթապահությունը, բարձրացնելու մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը։
Հիշեցնենք` հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սահմանագծի կահավորմանը, Պապիկյանը հայտնել էր, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, և մինչև տարեվերջ կավարտվի թե՛ առաջնագծի ինժեներական կահավորումը, թե՛ դեպի առաջնագիծ տանող ճանապարհների կառուցումը, որոնց վրա, նրա խոսքով, աշխատում է 13 շինարարական կազմակերպություն։