Սիրիայի չվերահսկվող տարածքներում ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելը ապակառուցողական է. ՌԴ ՊՆ

Գեներալ Միզինցևը տագնապալի է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության` Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքները պատժամիջոցներից ժամանակավոր ազատելու որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Սիրիայի՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքները ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմից դուրս բերելն ապակառուցողական բնույթ է կրում և պառակտում է սիրիացի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է ՌԴ միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ Սիրիայի և Ռուսաստանի միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ նիստում։
«Մտահոգություն է առաջացնում ԱՄՆ ֆինանսների նախարարության այն որոշումը, որով բացառապես Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքները ժամանակավորապես դուրս կբերվեն ամերիկյան պատժամիջոցների ռեժիմից։ Այդ քայլը նաև ապակառուցողական բնույթ է կրում, կարող է նպաստել սիրիացի ժողովրդի պառակտմանը, ինչը երկրի և տարածաշրջանի համար հղի է բացասական հետևանքներով»,- ասել է Միզինցևը:
Վաշինգտոնը մարտի 14-ին հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցների տակից դուրս բերել Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները, որոնք չեն վերահսկվում Դամասկոսի կողմից: Սիրիայի ԱԳՆ-ն դա անվանել է ամերիկացիների հերթական «էժանագին հնարքը»։