ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ուկրաինայում բարձր ճշգրտության հրթիռներով ՌԷՊ կայան և կառավարման կետեր են խոցվել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, անցած մեկ օրում ՌԴ հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական զորքի կենտրոնացման 195 շրջան և կառավարման 34 կետ։
Կոնաշենկովի խոսքով` այդ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 200 ազգայնական, ռազմամթերքի 3 պահեստ, 6 տանկ և այլ մարտական զրահամեքենա, «Գրադ» ՀԿՌՀ, ինչպես նաև անօդաչուների կառավարման երկու կետ Նիկոլաևի մարզում։
Գեներալը հայտնել է նաև, որ ՌԴ զորքերի գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինայում ոչնչացվել է ավելի քան 1.55 հազար թռչող սարք։
«Ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է 204 ինքնաթիռ, 131 ուղղաթիռ, 1218 անօդաչու թռչող սարք, 340 ԶՀՀ, 3569 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 526 կայանք, դաշտային հրետանու 1968 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 3647 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – ասել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 113-րդ օրը։