ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում հունիսի 24-ին կբացվի հայ գեղանկարիչ և գծանկարիչ Ժակ Իխմալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Տեղեկությունը հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ցուցադրության կազմմանը մասնակցել են նաև նկարչի ընտանիքը և մի շարք մասնավոր հավաքորդներ: Ցուցահանդեսում կներկայացվի վարպետի ավելի քան 200 աշխատանք: Դրանց զգալի մասը կներկայացվի առաջին անգամ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը:
Հայ նկարիչ, գեղանկարիչ և գծանկարիչ Ժակ Իխմալյանը ծնվել է 1922 թվականի հունիսի 30-ին Ստամբուլում։ Նրա աշխատանքներում մշտապես գերակշռել են արևելյան մոտիվները։ Իխմալյանի ստեղծագործությունները գտնվում են Արևելքի պետական թանգարանի, Պետական Տրետյակովյան պատկերասրահի, Ստամբուլի գեղանկարչության և ճարտարապետության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրայի և այլ թանգարանների հավաքածուներում։ Նկարիչը մահացել է 1978 թվականի ապրիլի 1-ին Մոսկվայում։