ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Քիշնևը մուրացկանությամբ է զբաղվում՝ սպառնալով, որ եթե Ռուսաստանը զիջումների չգնա գազի հարցում, Մոլդովան կարագացնի իր ընթացքը դեպի ԵՄ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
«Իհարկե, Մոլդովան ակնհայտորեն փորձում են երկրորդ Ուկրաինայի վերածել․․․ Եվրոպացիներն ու ամերիկացիներն իրենց օրերն ու գիշերները Մոլդովայում են անցկացնում, նրանց նպատակն էլ Քիշնևին «հղկելն է» հակառուսական սկզբունքով»,- ասել է նա։
Ներկայիս Մոլդովայի ղեկավարության կողմից սպառողական մոտեցումը շատ հատկանշական է, կարծում է Լավրովը։
«Երբ հայտարարում են, թե եկեք մենք հիմա սկսենք Եվրամիություն մտնել, հետո կտեսնենք՝ ինչ են մեզ այնտեղ խոստանում, այդ ժամանակ էլ երևի կորոշենք՝ մնա՞նք ԱՊՀ-ում, թե՞ չէ։ Եվ մյուս հայտարարություններն էլ․ ա՛յ, ռուսները մեզ պետք է նորից գազի զեղչ անեն, հետաձգեն վճարումները։ Այսինքն՝ մի տեսակ մուրացկանություն է, մեծ հաշվով՝ շորթում, խաղարկում․ ա՛յ, եթե մեզ համար չանեք, մենք ավելի արագ կգնանք Եվրոպա։ Իսկ եթե անեք, միևնույն է, կգնանք, բայց՝ դանդաղ։ Մոտավորապես այսպես եմ ես կարդում այդ ազդակները»,- մեկնաբանել է նա։
Կիևին ուղարկվող զենքի մասին
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող «սթինգերներն» ու Javelin հրթիռները արդեն զեղչով վաճառվում են «սև շուկայում» և երևացել են Ալբանիայում ու Կոսովոյում։
«Այդ մասին բացեիբաց խոսվում է, և վաճառվում են, այսպես ասած՝ զեղչով։ Մի խոսքով, սև շուկայի յուրացման գործընթաց է ընթանում։ Մեծ մասամբ դրանք կվերադառնան այնտեղ, որտեղից եկել էին Ուկրաինա»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Արևմուտքում զինվորականները հասկանում են Ուկրաինա ծանր սպառազինությունների մատակարարման հետ կապված բոլոր ռիսկերը։
«Զելենսկին հայտարարում է՝ ինձ հեռահար սպառազինություն տվեք, ես ՌԴ տարածքում գտնվող թիրախներին չեմ հարվածի։ Իսկ Ղրիմը նա համարո՞ւմ Է ՌԴ տարածք։ Իսկ Դոնբասը նա համարո՞ւմ է ԼԺՀ տարածք։ ԴժՀ տարածք»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Կիևն ինքն է ստորագրել, որ չի ցանկանում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։
«Վերցրեք բանակցությունների բեմականացումը, որը ձախողվեց Ստամբուլից հետո. նրանք պարզապես ստորագրեցին, որ իրենք այդ բանակցությունները չեն ցանկանում։ Եվ մինչ օրս մեզ համար անհասկանալի է, թե ինչ հրահանգավորում է ստանում Զելենսկին Վաշինգտոնում, Լոնդոնում իր տերերից»,- ասել է Լավրովը։
Կիևի սպառնալիքները Ղրիմի կամրջի թեմայով
Լավրովը, արտահայտվելով Ղրիմի կամրջի վերաբերյալ ուկրաինական կողմի սպառնալիքների թեմայով, հայտարարել է, որ բոլոր սպառնալիքները հաշվի են առնվում, նման ծրագրերը ձախողվելու են։
«Դե գիտեք, մեզ մոտ, այնուամենայնիվ, բանակը պատասխանատու է, և այդ բոլոր սպառնալիքները հաշվի են առնվում, առանց կրակ ծուխ չի լինում, և ես վստահ եմ, որ այդ բոլոր ծրագրերը լիովին կձախողվեն»,- ավելացրել է նա։
Հրաժարվել սկզբունքներից՝ հանուն Ուկրաինայի
Եթե ԵՄ-ն Ուկրաինային ճանապարհային քարտեզ տրամադրի Եվրամիությանը անդամակցելուն նախապատրաստվելու համար, դա կնշանակի, որ ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել իր սկզբունքներից հանուն աշխարհաքաղաքական շահերի, հայտարարել Է Լավրովը:
«Եվրամիությունը հերթական անգամ պատրաստ է աչք փակել իր բոլոր չափանիշների վրա, որոնք միշտ գոյություն են ունեցել թեկնածուների համար, և պատրաստ է առաջնորդվել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով»,- հավելել է նա:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը տեղի է ունենում Պետերբուրգի XXV հոբելյանական Միջազգային տնտեսական համաժողովը: ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես համաժողովի տեղեկատվական գործընկեր։