ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կիևը հունիսի 11–ին Օդեսայում բեմադրել է հարված բուժհաստատությանը, որն իբր հասցրել են ռուս զինվորականները: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նա ընդգծել է, որ Կիևի ռեժիմը շարունակում է սադրանքներ իրականացնել՝ նպատակ ունենալով մեղադրել Ռուսաստանի զինված ուժերին ռազմական հանցագործությունների մեջ և վարկաբեկել համաշխարհային հանրության առջև:
Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն ու ոստիկանությունը շրջափակել են Օդեսայում սադրանքի նախապատրաստման վայրը, որ բնակիչները չկարողանան «ռուսական հարվածը» նկարահանել բջջային հեռախոսներով:
Նրա խոսքով՝ շուրջ 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ, Կիևի կողմից ներգրավվել էին Օդեսայի բժշկական հաստատությանը «ռուսական հարվածի» բեմականացման մեջ. արյունոտ հիվանդանոցային գիշերազգեստներով ու քաղաքացիական հագուստով դերասանները բղավում էին ու փախչում հիվանդանոցից:
Կիևը մտադիր է լայնորեն տարածել Օդեսայում «ռուսների վայրագությունների» բեմադրությունը արևմտյան և ուկրաինական ԶԼՄ-ների միջոցով։
Միզինցևը հերթական անգամ ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական բանակը բացառապես մարդասիրաբար է վերաբերվում խաղաղ բնակչությանը և հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ի տարբերություն ուկրաինական զինված կազմավորումների:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 113-րդ օրը։