Իշխան Սաղաթելյանը պատասխանեց Արցախի մասին Փաշինյանի ելույթին

Ընդդիմադիր գործիչը խոստացավ, որ թեմայի մասին առավել մանրամասն խոսելու են շաբաթ օրը` հունիսի 18-ին նախանշված հանրահավաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հունիսի 15-ին խորհրդարանում հնչեցրած ձևակերպմանը։
«Ինչ է ասել երեկ խորհրդարանում. «Ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է»։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նաև հայտարարեց, որ ի պատասխան Փաշինյանի երեկվա այդ ելույթի, Ալիևն այսօր հայտարարել է, որ Փաշինյանի հետ ունեն պայմանավորվածություն` որևէ պարագայում Արցախի կարգավիճակի մասին չխոսելու։

«Որ ամիսներ շարունակում ասում էին, թե Նիկոլն ու Ալիևն ունեն պայմանավորվածություն` երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, ովքեր ասում էին` այդպես չէ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Սաղաթելյանը խոստացավ, որ թեմայի մասին առավել մանրամասն խոսելու են շաբաթ օրը` հունիսի 18-ին նախանշված հանրահավաքում։
Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Արցախի կարգավիճակն այսօր ոչ թե նպատակ է, այլ միջոց` ապահովելու ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։
«Ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,- ասել է Փաշինյանը` շեշտելով, որ պետության համար միակ երաշխիքը այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում համապարփակ խաղաղությունն է։
Հակառակ ճանապարհն, ըստ նրա, տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլև Հայաստանի կործանման։