Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելը կարևոր հարցերից մեկն է. Սիմոնյանը` Ռայիսիին

Ալեն Սիմոնյանն ու Էբրահիմ Ռայիսին
Ալեն Սիմոնյանն ու Իրանի նախագահը խոսել են տարածաշրջանում կայունություն ստեղծելու կարևորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին հաջորդած իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:

Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:
Հանդիպմանը նաև կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:
Ալեն Սիմոնյանն ու Էբրահիմ Ռայիսին
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցությանը։ Նախանշելով դրա խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:
Նախագահ Ռայիսին էլ կարևորել է ՀՀ–ի և ԻԻՀ–ի միջև առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:
«Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է»,- ասել է Սիմոնյանը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ իրենք առաջնորդվում են մեկ սկզբունքով` բոլոր բարեկամների համար դժվար օրերին լինել ընկեր։
«Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը դրսևորվում են դժվարությունների ժամանակ»,- ասել է Ռայիսին։
ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:
Ալեն Սիմոնյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:
ԻԻՀ նախագահը նշել է, որ իր աշխատակազմին համապատասխան հանձնարարականներ է տվել Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար: