ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ ՀՀ–ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, այսինքն` ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, այլ անվտանգության իրավունքի։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
Երեկ Աժ-ում իր ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր` եթե նախկինում ԼՂ բանակցային հայկական հայեցակարգի հիմքում դրվում էր Արցախի կարգավիճակը` դրանից բխեցնելով արցախահայության անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա այսօր հիմքում անվտանգության երաշխիքներն ու իրավունքներն են` դրանցից բխեցնելով կարգավիճակը։
«Արցախն ինչո՞ւ է որոշել ինքորոշվել։ Ինքնանպատակ որոշել է, որ պետք է ինքնորոշվի՞։ Ո՛չ։ Ինչ–որ պահից սկսած` արցախահայությունը սկսել է իրեն անվտանգ չզգալ,իր կենսական իրավունքը պաշտպանելու համար ստիպված է եղել գնալ ինքնորոշման նպատակով։ Ոչինչ չի փոխվել` ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, հիմա էլ նույնն է»,–ասաց Ջուլհակյանը։
Հարցին, թե կարո՞ղ է պատգամավորը վստահեցնել, որ Արցախի հարցում հետքայլ չի լինելու,Ջուլհակյանը նշեց, որ խոսելով հետքայլի մասին` պետք է հասկանալ, թե ինչ ելակետային տվյալներ ենք ունեցել, որպեսզի որոշի` հետ քայլ ասելով ինչ են հասկանում։
Պատգամավորըհավելեց, որ իշխանությունը գնում է արցախահայության անվտանգության պաշտպանության ուղղությամբ, և Արցախի կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց։
ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, թե հիմա ամեն ինչ դրված է բանակցությունների սեղանին` բանակցային ողջ ընթացքում ինչ դետալներ, պայմանավորվածություններ են եղել, Արցախի կարգավիճակի ինչ ձևաչափեր են քննարկվել և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ինչ երաշխիքներ են քննարկվել։
Հարցին, թե արդյոք խաղաղության գործընթացին խանգարելու է, եթե ամրագրենք` Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, Հովհաննիսյանը պատասխանեց, թե ուղիղ պատասխան չի կարող տալ։
«Եղել են շարունակական բանակցություններ, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը, իսկ վերջինիս պայմանավորվածություններն ավարտվել են 2018-ին, երբ նա հայտարարեց, թե հայտնվել ենք այն իրավիճակում, երբ պատերազմն անխուսափելի է»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ հիմա բանակցություններում կան հստակ ֆիքսված սկզբունքներ, որոնք ՀՀ իշխանությունները նախկինում ընդունել են։