ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Starmus հերթական փառատոնը կրկին կմիավորի գիտությունն ու արվեստը։ Այս մասին Մատենադարանում կազմակերպած ասուլիսում լրագրողներին հայտնեց փառատոնի կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը։
Starmus-ը նպատակ ունի միավորելու գիտնականների, դերասանների և երաժիշտների, որոնք իրենց ստեղծագործություններով կբացահայտեին երկու աշխարհների` գիտության և արվեստի գեղեցկությունը։ Այդ պատճառով, փառատոների ժամանակ գիտական սեմինարների, երեխաների համար նախատեսված ինժեներիայի վերաբերյալ վարպետության դասընթացների և ոչ պրոֆեսիոնալ աստղագետների համար կազմակերպվող երեկոների հետ մեկտեղ անցկացվում են նաև հայտնի երաժիշտների համերգներ։
Հատուկ միջոցառման և փառատոնի ընթացքում կհանձնվի Սթիվեն Հոքինգի անվան մեդալ, որը փառատոնի կազմկոմիտեն շնորհում է գիտությունը հանրահռչակողներին։ Մեդալի վրա պատկերված է հայտնի ֆիզիկոսի դիմանկարը, որը մի քանի տարի առաջ ստեղծել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը. նա հայտնի է տիեզերքի վերաբերյալ իր նկարներով (ինչպես Հոքինգը, այնպես էլ Լեոնովը նախորդ տարիներին Starmus-ի հյուր են եղել)։
Փառատոնը կմեկնարկի աստղալուսանկարչության դպրոցում օգոստոսի 31-ին, որտեղ ոչ պրոֆեսիոնալները հետևելու են աստղազարդ երկնքին և լուսանկարելու են այն։ Այս գործն ամբողջ աշխարհում սիրողական լուսանկարչությամբ զբաղվող հազարավոր անձանց է գրավում, իսկ տեխնիկայի զարգացումը թույլ է տալիս աստղազարդ երկնքի որակյալ լուսանկարներ ստանալ նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկներով։ Այստեղ իրենց փորձով կկիսվեն աստղալուսանկարիչներն ու աստղագիտական ոլորտի հանրաճանաչ գիտական պարբերականների խմբագիրները։
Սեպտեմբերի 4-10-ը Երևանի Ազատության հրապարակում վրանային ավան կկազմակերպվի երեխաների համար։ Այստեղ նրանց համար հետաքրքիր դասախոսություններ կկարդան, աստղաֆիզիկայի, լազերային տեխնոլոգիաների, անօդաչուների և ռոբոտոտեխնիկայի վերաբերյալ փորձեր կցուցադրեն։ Ֆիզիկայով և ինժեներիայով ամեն ինչ չի ավարտվի. երեխաներին կպատմեն` ինչպես է զարգանում գյուղատնտեսությունը, ինչպես պայքարել համավարակի դեմ, ինչպես են գիտնականները կանխատեսում երկրաշարժերը։ Մուտքն այդ գիտակ քաղաք ազատ է լինելու։
Գարիկ Իսրայելյան
© Sputnik / Asatur Yesayants
Սեպտեմբերի 6-9–ը կանցկացվի «Discover the Cosmos and Change the World» («Բացահայտենք տիեզերքն ու փոխենք աշխարհը») գիտաժողովը, որում Նոբելյան մի քանի մրցանակակիրներ զեկույցներ կներկայացնեն։ Նրանց թվում կլինեն աստղագետ, հարաբերականության տեսության առաջատար ուսումնասիրողներից Կիպ Թորնը, աստղաֆիզիկոս Ջորջ Սմութը, Տիեզերքի մնացորդային (Մեծ պայթյունից հետո առաջացած) ճառագայթումն ուսումնասիրող, միկրոկենսաբան Էմանուել Շարպանտյեն և այլք։
Նախատեսված է նաև մի քանի համերգ։ Հանդես կգան ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն ու ստեղնաշարային գործիքների վարպետներ, ռոք երաժիշտներ Դերեկ Շերինյանն ու Ռիք Ուեյքմանը։
Սեպտեմբերի 7-ին կլոր սեղան կանցկացվի, որին հայտնի գիտնականներ և տիեզերագնացներ կմասնակցեն։ Այն կտևի ուղիղ 108 րոպե` ի հիշատակ Յուրի Գագարինի, որի թռիչքը տևել է 1 ժամ 48 րոպե։ Կազմակերպիչները նշում են, որ կլոր սեղանը կանցկացվի «բավական նշանակալի պատմական վայրում», սակայն դեռ չեն բացահայտում` որտեղ։
Վերջապես, սեպտեմբերի 7-8-ը Երևանում տիեզերական տեխնոլոգիաների գիտաժողով կանցկացվի, որին կմասնակցեն առաջատար գիտնականներ և ինժեներներ։
Իսրայելյանը նշեց, որ տոմսերի վաճառքից ստացված գումարը կազմակերպիչներն ուզում են ուղղել դպրոցների համար մի քանի հեռադիտակ գնելուն՝ գիտության հանրահռչակման նպատակով։
Եվս մեկ անակնկալ կլինի հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի այցը։ Նա հանդիպում կունենա երեխաների հետ, կպատմի օդաչու-տիեզերագնացի իր փորձի մասին։ Հանդիպմանը նախատեսվում է նաև արցախցի երեխաների մասնակցությունը։