Երգեհոնի և սաքսոֆոնի անսպասելի համադրություն. Երևանում նշվել է Ռուսաստանի օրը

Համերգ Երևանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ
Հանդիսատեսը վայելել է Բախի, Բաբաջանյանի, Թարիվերդիևի, Չայկովսկու, Դոգայի, Ազնավուրի, Սպենդիարյանի, Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Առաջին անգամ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու երկու տարբեր գործիքների՝ երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիոզը։
Իսկ տոնական համերգը նվիրված էր Ռուսաստանի օրվան, որտեղ վիրտուոզ կատարումներով ներկայացան հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Հիրոկո Ինոուեն (երգեհոն, Ճապոնիա) և Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն, ՌԴ)։
Վերոնիկա Կոժուխարովան Երևանում կայացած համերգին
Վերոնիկա Կոժուխարովան կարծում է, որ համարձակորեն կարելի է համադրել այն, ինչ թվում է անհամադրելի է։ «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանում և նման կարևոր տոնի»,- նշել է նա։
Ճապոնացի երգեհոնահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Հիրոկո Ինոուեն ակադեմիական կատարողների նոր սերնդի վառ ներկայացուցիչ է, որի երգացանկը առանձնանում է ժանրային բազմազանությամբ։
«Ռուսաստանն ինձ համար երկրորդ հայրենիք է։ Իմ ստեղծագործական գործունեությունը սերտ կապված է Ռուսաստանի հետ։ Ուրախ եմ մասնակցելու այս կարևոր օրվա առթիվ կազմակերպված համերգին։ Առաջին անգամ եմ Հայաստանում և հիացած եմ մարդկանց բարությամբ, անկեղծությամբ, հիացած եմ երկրի բնությամբ»,- ասել է Հիրոկո Ինոուեն։
Միջոցառմանը ներկա Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին և Կամերային երաժշտության տան ղեկավարությանն՝ այս հրաշալի երեկոյի համար։
«Անսպասելի դուետ՝ երգեհոնի և սաքսոֆոնի վիրտուոզ կատարումներ։ Շատ կարևոր է, որ երգացանկում ներառված էին Ռուսաստանի, Հայաստանի, Խորհրդային Միության, համաշխարհային երաժշտության դասականների ստեղծագործությունները։ Ուրախ եմ, որ այս համերգը նվիրված էր իմ հայրենիքի տոնին»,- նշել է դեսպան Կոպիրկինը։
ՀՀ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվան նվիրված համերգին
Երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Բաբաջանյանի, Թարիվերդիևի, Չայկովսկու, Դոգայի, Ազնավուրի, Սպենդիարյանի, Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը համերգին
«Ռուսաստանի օրվան նվիրված համերգի ծրագիրը և երգացանկը քննարկելիս` որոշեցինք հայ հանդիսատեսին անսովոր բան ցույց տալ՝ երգեհոնի և սաքսոֆոնի համադրությունը։ Երևանում Ռուսաստանի օրվա տոնակատարությունը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վկայությունն է»,- համերգից հետո ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հայրենական մեծ պատերազմի վետերանները համերգին
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ:
Նշենք, որ համերգը կազմակերպվել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը։ Տոնական համերգի աջակիցներն էին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մոսկվայի իշխանությունները, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտը, Հայրենակիցների մոսկովյան տունն ու Կամերային երաժշտության տունը։