«Դիմադրություն» շարժումն ըստ էության ազգային պոռթկում էր, բայց նման շարժումները կարող են հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ այդ պոռթկումը վերածվի իսկապես համաժողովրդական գործընթացի, որի մեջ կընդգրկվեն հասարակության լայն շերտեր։ Ցավոք, նման բան տեղի չունեցավ, թեև պոռթկումն իրոք արդարացված էր, որովհետև վերջին չորս տարիների ընթացքում գործող իշխանությունն իջեցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի նշաձողը, և այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նշված ժամանակահատվածում, լրջագույն սպառնալիք են Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համար»,- ասաց քաղաքագետը։
«Վրանների հանումը մեծ հարված է, որովհետև իշխանությունը կփորձի լայնորեն խոսել շարժման թուլության մասին, բայց մյուս կողմից էլ եթե վրաններ կան, բայց պայքարի բովանդակությունն ու ձևը չեն փոխվում, դա տանում է լճացման, հետևաբար անհրաժեշտ է օրակարգային խնդիրների թարմացում։ Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ իսկապես պետք է առարկայական խնդիրների շուրջ լինի հասարակության լայն կոնսոլիդացիա։ Վիճակն իրոք շատ ծանր է, քանի որ պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է իր հաղթանակն ամրագրել թղթի վրա, ինչն ամենավտանգավորն է մեզ համար»,- նշեց Բոզոյանը։