Թուրքիան, ՌԴ–ն և Ուկրաինան հացահատիկի խնդիրը կարգավորելու համար կապի միջոց են ստեղծել

Թուրքիան ինտենսիվ բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Թուրքիան, Ռուսաստանն ու Ուկրաինան կապի բաց ալիք են ձևավորել հացահատիկի խնդիրը կարգավորելու համար, հայտնում է TRT Haber-ը։
«Երբ տարբեր շրջաններում այդ իրավիճակի բացասական ազդեցության մասին փաստեր են հայտնվում, նոր քայլ է արվել խնդրի լուծման համար։ Աքարի ղեկավարությամբ (Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար – խմբ.) բաց ալիք է ձևավորվել` ավելի մանրամասն հարցն ուսումնասիրելու և մինչև վերջ այն լուծելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Աքարի խոսքով` Անկարան ուզում է հնարավորինս արագ աշխատանքն ավարտին հասցնել։ Թուրքիան ինտենսիվ բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։
«Երկու կողմերն էլ որոշակի վերապահումներ ունեն։ Մենք աշխատում ենք նաև միջանկյալ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Հույս ունենք, որ դրանք կլուծվեն», – նշել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։
ՄԱԿ–ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասուրդի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու հարցում։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրներ չկան, և Ռուսաստանը դրան չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
Ռուսական ավիացիան 4 հատ ամերիկյան հաուբից է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ