ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վարչական պատասխանատվությունը կկիրառվի` անկախ ծանուցված լինել–չլինելու հանգամանքից։
ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Միքայել Թումասյանը։
Հունիսի 14-ի նիստում Պապոյանը, ներկայացնելով նախագիծը, ասել էր, որ գործող օրենքով վարչական վարույթը չի կարող իրականացվել, եթե տվյալ քաղաքացին չի ծանուցվել կամ ներկա չէ նիստին: Քաղաքացիներն այս հիմքով կարող էին խուսափել պատասխանատվությունից` վարչական մարմնի ծանուցումը չվերցնելով։
Նման դեպքերը բացառելու համար հեղինակներն առաջարկել էին հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրելուց 5 օր հետո քաղաքացուն համարել ծանուցված։
Խորհրդարանի ընդունած նոր կարգավորմամբ նախատեսվում է, որ եթե քաղաքացին հրաժարվել է ստանալ ծանուցումը, կամ նշված հասցեով ուղարկված առաքանին վերադարձվել է ուղարկելու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում, կամ վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը, ապա այն ուղարկվում է տվյալներում առկա այլ հասցեով կամ տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: