Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված մրցույթի կազմկոմիտեն հրապարակել է 2022թ. հավակնորդների կարճ ցանկը, որում լուսանկարիչներ են ընդգրկվել 14 երկրից։
Դրանց թվում են Իրանը, Չինաստանը, Իտալիան, Իսպանիան, Բանգլադեշը, Ֆիլիպինները, ԱՄՆ-ն, Բոսնիա և Հերցեգովինան, Գվատեմալան։
«Այս տարվա աշխատանքները ևս մեկ անգամ հաստատեցին, որ լուսանկարը ցանկացած իրադարձություն իմաստավորելու կայուն ձև է, որը ո՛չ թարգմանություն է պահանջում, ո՛չ հավելյալ բացատրություն, ուստի համընդհանուր է: Որքան էլ դժվար ժամանակ լինի, երիտասարդ ֆոտոլրագրողները վարպետորեն տիրապետում են այդ ունիվերսալ լեզվին և կարողանում են մտածել նաև այսրոպեական իրադարձային սահմաններից դուրս։ Նրանք իմաստուն ու տաղանդավոր են, մեր մրցույթի թիմը հաղթանակ է մաղթում նրանց»,- ասել է Ստենինի անվան մրցույթի համակարգող Օքսանա Օլեյնիկը։
Մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի սեպտեմբերին:
Հիշեցնենք` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն 2014 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցերով հանձնաժողովի հովանու ներքո ստեղծեց Անդրեյ Ստենինի անվան մրցույթը` ի հիշատակ ֆոտոլրագրողի, որը մահացել էր Ուկրաինայի հարավ–արևելքում մասնագիտական պարտքը կատարելիս։ Սա մի հարթակ է երիտասարդ ու տաղանդավոր լուսանկարիչների համար, որոնք հասարակության ուշադրությունը հրավիրում են մեր կողքի մարդկանց և իրադարձությունների վրա։
Մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերներն են Sputnik լրատվական գործակալությունը և ռադիոն, RT հեռուստաալիքն ու հարթակը, Askanews լրատվական գործակալությունը, Independent Media մեդիահոլդինգը, Telam լրատվական գործակալությունը, Ana լրատվական գործակալությունը, Shanghai United Media Group-ը (SUMG), China Daily թերթի առցանց հարթակը, The Paper ինտերնետ հարթակը, Al Mayadeen մեդիացանցը, Էթիկական լուսանկարչության փառատոնը: