Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է Զախարովան։
Ըստ նրա` Մոսկվան պատրաստ է նպաստել առաջիկայում հանձնաժողովի նիստի անցկացմանը։ Նա նշել է, որ ներկա պահին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներից ամսաթվերի հետ կապված առաջարկներ է սպասում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել էր, որ արցախյան Փառուխ գյուղում տիրող իրավիճակը ՌԴ խաղաղապահ ուժերի ուշադրության կենտրոնում է գտնվում։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։
Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում. Լավրով
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, վիրավորները 14-ն էին:
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։