Նման գներ չենք ունեցել. ի՞նչն է հայրենական գյուղմթերքի թանկացման պատճառը

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի պնդմամբ` կարտոֆիլի հիմնական ցանքատարածքներն այս տարի պակասել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայրենական գյուղմթերքի գները Հայաստանում աճել են, քանի որ գյուղատնտեսական առումով նախորդ տարին բարենպաստ չէր։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Անցած տարի երկրում երաշտ էր, գումարած դրան` պակասել էին նաև կարտոֆիլի ցանքատարածությունները, հետևաբար բերքն էլ պակաս եղավ։ Տարածաշրջանում էլ է նկատվել նույն երևույթը։ Չնայած ստեղծված իրավիճակին, կա պահանջարկ։ Այս ամենից հետո հանրապետությունից սկսեցին դրսի շուկաներ կարտոֆիլ արտահանել։ Խոսքը 35-40 հազար տոննայի մասին է։ Ես զգուշացրել եմ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին, որ նման պարագայում խնդիր կարող է առաջանալ»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով` կարտոֆիլի գների աճի պատճառ է նաև այն, որ աշնանը «հին կարտոֆիլի» պահեստավորում չի իրականացվել։ Նախկին փոխնախարարը շեշտեց նաև, որ նոր արտադրված բերքն էլ ինքնարժեքով բավական բարձր է, քանի որ դիզվառելիքը, աշխատուժը, պարարտանյութը թանկ են։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյան
Նշենք, որ աճել են ոչ միայն կարտոֆիլի, այլև կեռասի, ելակի, այլ պտուղների ու բանջարեղենների գները։ Հարությունյանի խոսքով` գյուղմթերքի գներն այս պահի դրությամբ բարձր են, և վերլուծությունները ցույց են տալիս, որ նախորդ տարիներին նման գներ չեն եղել։
«Բալը թանկ է, հարկավոր չէ...»․ ինչո՞ւ է կարտոֆիլի գինը կտրուկ աճել
Հարությունյանի պնդմամբ` հատկապես կարտոֆիլի գնի բարձրացումը բնակիչների մեծամասնության մոտ շոկ և զայրույթ է առաջացրել, քանի որ այն համարվում է երկրորդ հաց։

«Եթե կարտոֆիլի 1 կգ-ն արժենա 150 դրամ, ապա տնային տնտեսուհին կարող է 500 դրամով գնել 3 կգ և տարբեր ուտեստներ պատրաստել` խյուս, տապակած, որևէ ապուր և այլն։ Հիմա կարտոֆիլի նման գներն անհանգստացնող են, իսկ կեռասը կամ ելակը, երբ տնային տնտեսուհին տեսնում է, որ 2000 դրամ կամ ավելի արժե, չտեսնելու է տալիս»,- նշեց նախկին փոխնախարարը։

Խոսելով ոռոգման ջրի խնդիրների մասին` նա ընդգծեց` քանի դեռ ջրային համակարգի հարցն արմատապես լուծված չէ, խնդիրներ միշտ են լինելու։
«Կարտոֆիլի թանկացումը հենց էնպես չի». ի՞նչ իրավիճակ է մեծածախ շուկայում
Հարությունյանն անհրաժեշտ է համարում, որ գումարներ կենտրոնացվեն ընդհանուր ոռոգման համակարգերի վերանորոգման ու կառավարման ուղղությամբ, որպեսզի այն հատվածներում, որտեղ կորուստները մեծ են լինում` հարցը լուծվի։ Նրա պնդմամբ` ձմեռը ձյունառատ էր, գարունն էլ` տեղումնառատ, ինչը կարող էր կարգավորել երաշտի հարցը, սակայն կորուստներն ավելի մեծ են, ստորերկրյա ջրերն էլ իջել են։ Փորձում են ջրի պակասը ինչ-որ կերպ լրացնել Սևանա լճի ջրի միջոցով, բայց այնպես չէ, որ այդ ջուրը հարմար է օգտագործել բոլոր տարածքներում։
Գյուղատնտեսության փոխնախարարը վստահ է` ոլորտի գլխավոր խնդիրներից է նախարարության չլինելը, չնայած որ կան մարդիկ, որոնք զբաղվում են այդ բնագավառով։