ԼՂ կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց. Փաշինյանը ներկայացրեց բանակցային սկզբունքները

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն իր ելույթն ավարտեց ժողովրդին կոչ անելով համախմբվել խաղաղության օրակարգի, հայոց պետականության ու շահերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Եթե նախկինում ԼՂ բանակցային հայկական հայեցակարգի հիմքում դրվում էր Արցախի կարգավիճակը` դրանից բխեցնելով արցախահայության անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա այսօր հիմքում անվտանգության երաշխիքներն ու իրավունքներն են` դրանցից բխեցնելով կարգավիճակը։
Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ԼՂ կարգավորման բանակցությունների ներկա վիճակը։
«Այլ կերպ ասած` մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց` ապահովելու ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները»,– ասաց Փաշինյանը` վստահեցնելով, որ այս ձևակերպումները հասկանալի են միջազգային հանրությանը և ավելի ընկալելի են դարձնում ԼՂ–ի խնդրի էությունն ու ԼՂ–ի հարցում հայկական կողմի նպատակները։
«Բայց կա նաև մի կարևոր արձանագրում` ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,– հայտարարեց վարչապետը` շեշտելով, որ պետության համար միակ երաշխիքը այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում համապարփակ խաղաղությունն է։
«Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, սահմանները սահմանազատված են ու սահմանագծված, խաղաղությունն էլ` դե յուրե հաստատված»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանն այսօր փորձում է գնալ հենց այդ ճանապարհով, իսկ թե որքանով կստացվի, ըստ Փաշինյանի, ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել։
Բայց այն, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ–ի, այլև Հայաստանի կործանման, Փաշինյանի համար միանշանակ է ու այդ իսկ պատճառով՝ անթույլատրելի։ Ուստի ՀՀ վարչապետն իր ելույթն ավարտեց ՀՀ ժողովրդին կոչ անելով համախմբվել խաղաղության օրակարգի, հայոց պետականության ու շահերի շուրջ։