ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Կիևը, «Ազոտում» արգելափակված գրոհայիններին հանձնվելու հրաման չտալով, նրանց նահատակ է դարձնում Մարիուպոլի սցենարով։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Կիևի ռեժիմը նորից ցույց տվեց իր իրական դեմքն ու լիակատար անտարբերությունը «Ազոտ» կոմբինատում խելագար ահաբեկիչների մոտ գերության մեջ գտնվող անմեղ կանանց, երեխաների և տարեց մարդկանց կյանքի նկատմամբ: Նրանց դիմադրության դադարեցման հրաման չտալով՝ Կիևը փաստացի այդ մարդկանց հերթական «նահատակ նշանակեց», ինչպես եղել էր Մարիուպոլում»,-ասել է Միզինցևը։
Բացի այդ, գեներալը հայտնել է, որ «Ազոտ» գործարանում գտնվող ուկրաինացի գրոհայինները մարդասիրական դադարը օգտագործել են վերախմբավորման համար, ընդ որում՝ թաքնվել են բռնի ուժով պահվող խաղաղ բնակիչների հետևում, օգտագործելով նրանց որպես կենդանի վահան։
Միզինցևը հավելել է, որ ՌԴ-ի կողմից բացված միջանցքով խաղաղ քաղաքացիների տարհանումը խափանվել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից, որոնք խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են Սևերոդոնեցկի բնակելի թաղամասերը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ չորեքշաբթի առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ռուսական կողմը Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական կոմբինատի տարածքից խաղաղ բնակչությանը տարհանելու համար մարդասիրական միջանցք էր տրամադրել հյուսիսային՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սվատովո քաղաքի ուղղությամբ:
Միզինցևն ընդգծել է, որ շրջափակված «Ազոտ» գործարանից խաղաղ բնակիչներին փրկելու համար որևէ խոչընդոտ չկա, բացի Կիևի դիրքորոշումից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 112-րդ օրը։