Կատարի ներդրումային հիմնադրամներին Հայաստանում հետաքրքրում է ոսկերչության ոլորտը. Քերոբյան

Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի ոսկերչական ոլորտը կատարցի ներդրողներին գրավում է որակի և գնի լավ հարաբերակցությամբ, ինչպես նաև լոգիստիկայի հարաբերական պարզությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Կատարի ներդրումային հիմնադրամները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով Երևանում անցկացվող «Գիտության և բիզնեսի օրեր» համաժողովում։
Օրերս ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության` Կատար կատարած այցի շրջանակում Քերոբյանը հանդիպել է ինչպես մասնավոր ներդրումային հիմնադրամների, այնպես էլ երկրի պետական ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Նախարարը նշեց, որ կատարցի ներդրողներին ներկայացվել են մի շարք հայաստանյան ծրագրեր, ու նրանք հետաքրքրությունն են ցուցաբերել ոսկերչական ձեռնարկությունների, ինչպես նաև զբոսաշրջության նկատմամբ: Ոսկերչական ոլորտը նրանց գրավում է որակի և գնի լավ հարաբերակցությամբ, ինչպես նաև լոգիստիկայի հարաբերական պարզությամբ (փոքր ապրանք, որը կարելի է նաև ինքնաթիռներով փոխադրել)։

«Բացի այդ, նրանց հետաքրքրում է նաև զբոսաշրջությունը, ինչպես նաև համագործակցությունը տրանսպորտային ոլորտի հետ»,- ավելացրեց նախարարը:
Նշենք, որ Հայաստանում ակտիվ են Կատարի հարևան Արաբական Էմիրության (Masdar ընկերություն) ներդրողները, որոնք հանրապետությունում կառուցում են 200 մեգավատ հզորությամբ ամենախոշոր արևային կայանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Կատարի Պետություն: