ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հունիսի 15-ին ներգրավված հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական գործողություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։
N զորամասի հրաձգարանում էլ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Ներկայացվել են կրակային վարժությունների կատարման կարգը և հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։ Նաև ստուգվել են զինծառայողների հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։