ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանում 4 հազար ծրագրավորողների կարիք կա, և նրանց պետք է դպրոցից պատրաստել։ Նման կարծիք հայտնեց ամերիկյան Synopsys ընկերության գլխավոր ինժեներ և փոխնախագահ Երվանդ Զորյանը Երևանում անցկացվող «Գիտության և բիզնեսի օրեր» համաժողովի ժամանակ։
Զորյանն ավելացրեց, որ նորարարությունը եզակի գործընթաց չէ, որ մի բան հորինես ու ընդմիշտ փոխես երկրի ապագան: Դա շարունակական գործընթաց է, ինչն ապացուցված է զարգացած երկրների և խոշոր կորպորացիաների օրինակով։
Նա հիշեցրեց, որ 60-ականների սկզբին մեկ չիպում ընդամենը մեկ տրանզիստոր էր տեղավորվում, իսկ հիմա 1x1 սմ չափի չիպում նանոմետրերի հաստությամբ 100 միլիարդ տրանզիստորներ են տեղավորվում։
Ընկերության հայաստանյան գրասենյակը (Synopsys-ի 18 հազար աշխատակիցներից մոտ հազարը Հայաստանում է աշխատում) կորպորացիայի առաջատարներից է ստեղծվող նորարարությունների ու գրանցվող արտոնագրերի թվով (տարեկան մի քանի տասնյակ): Նա նշեց, որ Սիլիկոնային հովտում, որտեղ գտնվում է Synopsys-ի շտաբը, լավ գիտեն այդ մասին:
Ընկերությունը մշակում է տեխնոլոգիաներ չիպերի դիզայնի համար, որոնցից օգտվում են ավտոմոբիլային և համակարգչային արդյունաբերության ոլորտում։ Զորյանը շեշտեց՝ պատահական չէ, որ այս ոլորտի ընկերությունների եկամտաբերությունն անգամ անցած ճգնաժամային տարիներին չի նվազել՝ չիպերի պահանջարկն ամբողջ աշխարհում աճում է և աճելու է։
«Ամեն օր մենք մոտ 300 չիպ ենք օգտագործում՝ հեռուստացույցում, համակարգչում, ավտոմեքենայում, ու գնալով դրանք ավելի շատ կլինեն։ Դրա համար մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք նոր տեխնոլոգիաներ կսովորեն»,- ավելացրեց նա։
Զորյանն ընդգծեց, որ ընկերությունում միշտ էլ լավ մասնագետներ եղել են՝ և՛ 90-ականներին, երբ այն սկսել է այստեղ առաջին փոքր նախագծերն իրականացնել, և՛ 2000-ականների կեսերին, երբ այստեղ դուստր ընկերություն է բացել: Նա նշեց, որ դրանից անմիջապես հետո ընկերությունը սկսել է համագործակցել համալսարանների հետ ՝ կադրային բազա ստեղծելու համար։
Ավելի շատ մասնագետներ պատրաստելու համար բուհերի հետ համագործակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է խորացնել տեխնիկական կրթությունը դպրոցներում: Զորյանը եզրափակեց, որ դա թույլ կտա շղթա կառուցել դպրոցների ավագ դասարաններից մինչև բարձրագույն տեխնիկական կրթություն ու ճարտարագիտություն: