ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայախոսության սահմանները նեղացել են, մարդիկ հազար ու մի պատճառներով առաջ են մղում օտար լեզուն։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։
«Գովազդներում, ցուցանակներում հայատառ գրելու հետ կապված խնդիրներ կան, իսկ հայկական արտադրանքի վրա հայերեն կա, բայց երբեմն այն աննշան է։ Եվ այս ամենն անում են մերոնք` հայերը։ Մենք դեմ չենք օտար լեզուներով գրություններին, եթե դրանք զուգակցվում են։ Կարծում եմ` պետք է պաշտպանել պետական լեզվի շահը»,- ասաց Գյուրջինյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ 2019-21 թվականներին ցուցափեղկերում, պաստառների վրա ոչ հայատառ գրելու համար Լեզվի կոմիտեն 136 հայց է ներկայացրել վարչական դատարան, թեև կուզեին, որ գործը դրան չհասներ, և ամեն ինչ տրամաբանական լիներ։ Սակայն հայցերից 33-ն են բավարարվել, իսկ 59-ը մերժվել են։ Ի դեպ, հայցը բավարարվելու դեպքում տնտեսվարողը 250 000 դրամի չափով կարող է տուգանվել։
Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ` Գյուրջինյանը նշեց, որ Հայաստանում չունենք ռուսական դպրոցներ, կան ռուսական դասավանդմամբ դասարաններ։ Նա հավելեց, որ Հայաստանի բոլոր դպրոցները հիմնված են մայրենիի վրա։
«Ըստ օրենքի` Հայաստանում օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են անել բացառապես ոչ պետական ուսումնական կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված կենտրոնները։ Ի դեպ, այդ ուսումնական հաստատությունների թիվն ընդհանուր առմամբ պետք է 11 լինի»,-ասաց Գյուրջինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցներում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ռուս զինծառայողների և դիվանագետների երեխաների համար։ Իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ռուս զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։
ՀՀ 63 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: