Հայաստան և Վրաստան. անհավանական նմանություններ

Երևանի փողոցներում ՀՀ–ի և Վրաստանի դրոշներ են` Վրաստանի վարչապետի այցի կապակցությամբ. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Ճիշտ են ասում՝ կարծես երկվորյակներ լինեն Հայաստանն ու Վրաստանը՝ այնտեղ կատարվող իրադարձությունները և գործընթացները միշտ էլ բավական նման են եղել այստեղ կատարվողին, հիմա՝ առավել ևս։
Sputnik
Երկու մայրաքաղաքներում էլ ընդդիմությունն արդեն տևական ժամանակ բողոքի զանգվածային գործողություններով փորձում է հասնել բաղձալի նպատակին՝ փոխել իշխանությունը։ Այդ ցանկությունը միանգամայն հասկանալի է՝ այսինչ կոնկրետ մարդիկ, որոնք անհասկանալի պատճառներով իշխանական բուրգի ամենավերևում են հայտնվել, հանրության առնվազն մի մասին բոլորովին դուր չեն գալիս։ Սակայն ակնկալել, որ այս մարդկանց հեռանալուց հետո գոնե ինչ-որ բան կտրուկ կփոխվի դեպի լավը` ա՛յ, սա է անհասկանալի։
Հայաստանում այդ մարդկանց օրոք տեղի ունեցածը շտկելն անչափ դժվար է։ Դուք, օրինակ, գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պետք է վերադարձվեն Շուշին և Հադրութը։ Վրաստանում էլ նույնքան դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի փոխվի կյանքը, եթե իշխանության գան խիստ եվրոպամետ ուժեր։ Շատ-շատ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա Վրաստանը, այնինչ, անդամությունը տասնամյակներ շարունակ կարող է մնալ անհասանելի երազանք։ Թուրքիան` ձեզ օրինակ։
Իրականում վիճակը երկու հարևան հանրապետություններում այնքան նման է, որ հաճախ հերթական լուրը կարդալիս չես էլ հասկանում՝ խոսքը Հայաստանի՞ մասին է, թե՞ Վրաստանի։ Մանավանդ, երբ իշխանությունները տարփողում են իրենց «աննախադեպ հաջողությունները նախորդ տարիների համեմատ»։ Միանգամից հասկանում ես, որ թե՛ Երևանում, թե՛ Թբիլիսիում հույս են դրել ժողովրդի կարճ հիշողության վրա։ Բայց մենք հո լավ գիտենք, որ նախորդ տարիներին կորոնավիրուսի պատճառով ցուցանիշներն այնքան ցածր են եղել, որ ցանկացած, թեկուզ աննշան բարելավում կարելի է հիմա ներկայացնել որպես տիտանական ջանքերի գերազանց արդյունք։
Մարդկանց առօրյա կյանքն էլ է երկու երկրներում շատ նման։ Ահա թե ինչ է պատմում ականատեսներից մեկը. «Վրաստանի այն բնակիչները, որոնք չեն արտագաղթել, հիմնականում նստել են իրենց բնակարաններում, տնտղում են իրենց բջջայինները և համակարգիչները, փոխում հեռուստատեսային ալիքները, հայհոյում են իշխանական ու ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որոնք միմյանցից ոչնչով չեն տարբերվում, չեն էլ մասնակցում հակակառավարական հանրահավաքներին և շարունակ բողոքում են, թե ֆանտաստիկ գների պատճառով կյանքն ընդհանրապես անտանելի է դարձել»։ Համաձայնե՛ք, կարծես մեր՝ հայաստանյան իրականության նկարագրությունը լինի։
Խոստովանեք՝ քանի անգամ եք լսել արտերկրից եկածների նույն պարզունակ պնդումը. «Սո՛ւտ եք ասում, թե վատ եք ապրում, ինքս եմ վերջերս եղել Երևանում՝ ռեստորաններում ու սրճարաններում ասեղ գցելու տեղ չկա»։ «Ռոսբալտ» գործակալության թղթակիցը վկայում է, որ ճիշտ նույն բանն են ասում Թբիլիսիի մասին՝ չհասկանալով կամ միգուցե շատ լավ էլ հասկանալով, որ, այո՛, մարդկանց մի մասը ռեստորանում սացիվի ու օջախուրի է ըմբոշխնում՝ մինչ մյուսները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, ձմռանն էլ գերադասում են տանը տաք շորերով նստել, քանզի միայն կոմունալ մուծումները ամսական կազմում են մոտ 150 դոլար։
Եթե ուզում եք՝ թբիլիսյան որոշ գներ էլ ներկայացնեմ, համեմատեք։ 300-գրամանոց հացի բոքոն՝ մեկից երեք դոլար, մեկ կիլոգրամ Սուլուգունի պանիր՝ 10 դոլար, 200 գրամ կարագ՝ 3 դոլար, մեկ կիլոգրամ լոլիկ՝ 3 դոլար։ Ասում եք՝ մերի նման թանկ կարտոֆիլ աշխարհում չկա։ Տո հենց Վրաստանում էլ կա՝ կիլոգրամը մեկուկես դոլար, այսինքն, մոտ 650 դրամ։ Իսկ ընդհանրապես, եթե Թբիլիսիում ցանկանաք, օրինակ, բորշչ եփել 4 անդամ ունեցող ընտանիքի համար, ստիպված կլինեք ծախսել մոտ 10 դոլար։
Ինչպե՞ս ազդեց ռուսաստանցիների զանգվածային ժամանումը։ Սկզբում Վրաստանում նրանց այնքան էլ լավ չէին ընդունում, նույնիսկ վարձով բնակարան չէին տալիս։ Բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ՝ վրացիները հասկացան, որ այս միգրացիան փողի աղբյուր է, մի քանի անգամ բարձրացրին տների վարձը։ Նույնիսկ զավեշտական դեպքեր եղան. նախկինում՝ Ուկրաինայի գործողություններից շատ առաջ ժամանած ռուսներին բնակարանից հանում էին, որպեսզի այն տրամադրեին նոր եկած ռուսաստանցիներին՝ արդեն շատ ավելի բարձր գնով։ Եվ եթե առաջ Թբիլիսիի էլիտար թաղամասում հնարավոր էր լավ բնակարանում ապրել ամիսը 600 դոլարով, ապա հիմա այդ նույն բնակարանի վարձակալության գինն է 1200 դոլար։ Ինչպես Ամերիկայում են ասում՝ ո՛չ մի անձնական բան, պարզապես բիզնես։
Ֆրանսիայի հրապարակն ազատվել է վրաններից, վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը