ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որը մեր երկիր է այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին։
«Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով:
Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:
Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ: