ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Մոլդովան Եվրոպական պաշտպանական հիմնադրամից 40 մլն եվրո կստանա իր ռազմական բյուջեն կրկնապատկելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Մակրոնը մեկօրյա այցով գտնվում է Մոլդովայում, որտեղ երկրի ղեկավարության հետ քննարկել է Եվրամիությանն անդամակցելու որոշման ընդունման հնարավոր ժամկետները: Քիշնևում երկու երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնագիր կստորագրեն երկրում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) գործունեության մասին:
«Մոլդովայի չեզոքությունը նրա ապառազմականացում չի նշանակում, 40 միլիոն եվրոն, որը դուք կստանաք եվրոպական պաշտպանական հիմնադրամից, կկրկնապատկի ձեր երկրի ռազմական բյուջեն։ Մենք պետք է օգնենք այն երկրներին, որոնք տուժում են Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքներից։ Մոլդովան առաջնագծում է»,- ասել է Մակրոնը։
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի և Վրաստանի համար հստակեցնի իր կարծիքը Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ։ Թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը կընդունեն ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում՝ հաշվի առնելով Եվրահանձնաժողովի հանձնարարականը: