ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Եթե ՀՀ դրամը շարունակի արժևորվել դոլարի նկատմամբ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման կարիք կլինի։ ԱԺ նիստում այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` խոսելով ՀՀ–ում դոլարի փոխարժեքի կտրուկ անկման հնարավոր հետևանքների մասին։
«Եթե տեղի ունենա ազգային արժույթի ամրապնդում, ապա ես կարծում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշ ժամանակ հետո դիտարկի այն հարցը, թե արդյոք սակագինը համապատասխանում է փոխարժեքին, թե ոչ, որովհետև, եթե ես չեմ սխալվում, սակագնի բարձրացան հիմքում հիմնական գործոններից մեկը ժամանակին ազգային արժույթի արժեզրկումն էր»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է 2022թ–ի փետրվարի 1–ից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագները թանկացել են բոլոր սպառողների համար, բացի անապահով խավից։ Վերջինները շարունակում են վճարել 29,99 դրամ ցերեկային և 19,99 դրամ գիշերային սակագնով։
Ամսական մինչև 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառող ընտանիքների համար սակագինը թանկացել է 2.5 դրամով` կազմելով գիշերայինը` 46.48, ցերեկայինը` 36.48 դրամ, 201-400 կՎտ/ժ սպառողների համար թանկացումը եղել է 4 դրամով (գիշերայինը` 48.48, ցերեկայինը` 38.48 դրամ), 400 կՎտ/ժ–ից ավելի սպառողների համար էլեկտրաէներգիան թանկացել է 10 դրամով (գիշերայինը` 53.48 դրամ, ցերեկայինը` 43.48 դրամ)։
Հանձնաժողովն էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորել էր ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծություններով, ըստ որոնց 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանար 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։