ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Դենիս Կոլոսին և Ալեքսանդր Ֆեդորցովին, հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի ունեցած ձեռքբերումները, հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը: Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում գործարարներին հուզող հարցերին կտրվեն պատասխաններ:
Նշենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից: