Դոլարի արժեզրկումից շահում են Ռուսաստան արտահանողները. ԿԲ նախագահ

Դեպի Եվրոպա արտահանողները, հակառակը, ԿԲ նախագահի մեկնաբանմամբ, անհամեմատ ավելի վատ վիճակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանում դոլարի նկատմամբ դրամի արժևորումից տուժում են ոչ բոլոր արտահանողները։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` նշելով, որ խնդիրը պետք է դիտարկել արտահանման ուղղություններով։
«ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում։ Ընդ որում, արժեզրկված է ոչ միայն նոմինալ փոխարժեքը նոմինալ փոխարժեքի նկատմամբ, այլև արժեզրկված է, որովհետև Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է։ Այսինքն` այն արտահանողները, որոնք արտահանում են ՌԴ, և պայմանագրերը ֆիքսված են ռուսական ռուբլով, այսօր ստեղծված իրավիճակից բացառապես շահում են, որովհետև ՀՀ դրամն ավելի թույլ է, քան ՌԴ ռուբլին»,- ասաց Գալստյանը։

Դեպի Եվրոպա արտահանողները, հակառակը, ԿԲ նախագահի մեկնաբանմամբ, անհամեմատ ավելի վատ վիճակում են։ Պատճառն, ըստ Գալստյանի, եվրոյի արժեզրկումն է, ընդ որում` է՛լ ավելի շատ, քան դոլարինը։

«Եվրոպա արտահանման պարագայում՝ եվրոպական արժույթը արժեզրկվել է ոչ միայն մեր դրամի, այլև ԱՄՆ դոլարի նկատմամբ` այս տարվա ընթացքում»,- ասաց ԿԲ նախագահը։
Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ԿԲ նախագահը պայմանավորում է հիմնականում ռուս-ուկրաինական իրադարձություններով, և որպես հետևանք՝ միջազգային այցելուների ներհոսքով ու արտաքին պահանջարկի ավելացմամբ։