ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ընդդիմության քայլերով հիմնավորվեց` իշխանության կուրսը ժողովրդի լայն շրջանակներում հավանության է արժանացել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հայտնել էինք, որ երեկ «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց` վրանները հանում են Ֆրանսիայի հրապարակից և այլ կերպ են պայքարելուիշխանությանը հեռացնելու համար։
«Մեր ընդդիմադիր գործընկերները հետապնդում էին նույն նպատակը, ինչ մենք, սակայն մոտեցումները տարբեր էին, և նրանք որոշեցին ԱԺ ամբիոնի փոխարեն փողոցում իրենց ասելիքը ներկայացնել ժողովրդին։ Խորապես համոզված եմ, որ կարելի էր 1-2 հանրահավաք անել ու տեսնել` հանրության շրջանում կա՞ նման տեսակետ, թե ոչ»,-ասաց Աղազարյանը` հավելելով, որ ընդդիմադիր առողջ ուժեր չկան հիմա, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ չկա։
Նա կարծիքը փոխանցեց, թե համաձայն է այն թեզի հետ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, սակայն իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք պարտվել կամ պարտությունը միայն իշխանության մեղքով չէ, ուստի այդ թեզն այս դեպքում չի աշխատում։
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի հարցին, ապա իշխանական պատգամավորը վստահեցնում է, թե առանց արցախցների որևէ քայլ չի կատարվելու այս հարցում։ Աղազարյանը նշում է նաև, որ միջազգային հանրությունը չի պարտադրել ՀՀ-ին, որ նշաձող իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում, այլ միայն առաջարկել է։
«Ես կիսում եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, ինչպես նաև փակել բանակցային դռները։ Միանշանակորեն կիսում եմ այս տեսակետը»,-ասաց Աղազարյանը։
Նա ամփոփեց` ասելով, որ կարմիր գծով բանակցության գնալ չես կարող։