«Առանց Նիկոլ Հայաստան». նստացույց անող ընդդիմադիրները «հանդիպեցին» Փաշինյանին

«Դիմադրություն» շարժումը նստացույց է անում Ազատության հրապարակում
Փաշինյանը Օպերայում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ավարտական արարողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ազատության հրապարակում «Դիմադրություն» շարժման նստացույցի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ուղեկցեցին» «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով։
Այն պահին, երբ ելույթ էր ունենում «Հայաստան» դաշինքի պատգամավոր ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, մոտակայքում ընդդիմադիրները նկատեցին վարչապետին և նրա թիկնապահներին։ Նրանց տեսնելով՝ ցուցարարները Մանուկյանի հետ միասին սկսեցին վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»։
Նշենք, որ վարչապետը Օպերայի և բալետի թատրոնում մասնակցում էր Երևանի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությանը։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ:
Այսօր առավոտյան, արդեն Ֆրանսիայի հրապարակն ազատվել է վրաններից, ավելի քան 40-օրյա ընդմիջումից հետո վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ: