ԱՄՆ-ում չեն բացառել Դոնբասում ուկրաինական զորքերի հանցագործությունների հետաքննությունը

Դոնբաս. Արխիվային լուսանկար
Ամերիկացի դիվանագետն արձանագրում է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական զորքերի հասցեին մեղադրանքների անհամաչափ մակարդակը։ Նրա խոսքով՝ հետաքննության համակողմանի մեխանիզմներ են անհրաժեշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Միջազգային իրավական կառույցները մտադիր են հետաքննել Ուկրաինայում ուկրաինացի զինծառայողների կատարած հնարավոր հանցագործությունները։ Այս մասին հայտնել է հատուկ հանձնարարությունների գծով ԱՄՆ դեսպան Բեթ Վան Շաքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագետը Պետդեպարտամենտում համակարգում է ռազմական հանցագործությունների կանխմանն ու հետաքննությանը վերաբերող հարցերը։
Արտասահմանյան ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարություններն այն մասին, որ վերջին ութ տարիների ընթացքում ուկրաինացի ազգայնականները Դոնբասում ռազմական հանցագործություններ են կատարել, որոնք Ռուսաստանը նկարագրել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին ուղարկված զեկույցում:
Շաքը նշել է, որ ԱՄՆ-ում ծանոթ են այդ հաշվետվություններին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի մեխանիզմը, որը ժամանակին ստեղծվել է ԵԱՀԿ-ի կողմից, մանրամասն փաստագրել է բոլոր կողմերի խախտումները և ներառել է ուկրաինական ուժերի կողմից կալանքի տակ պահվող ռուս զինծառայողների նկատմամբ հնարավոր խախտումների մասին մեղադրանքները:
Ինչպես հայտնի է, 2022 թվականի մարտի 3-ին ԵԱՀԿ անդամ 57 պետություններից 45-ը գործարկեցին միջազգային կազմակերպության Մոսկովյան մեխանիզմը՝ Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վրա ռուսական ռազմական գործողության ազդեցության հաստատման և Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում հնարավոր ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների բացահայտման անկախ առաքելություն ձևավորելու համար։
«Բոլոր միջազգային մեխանիզմները, որոնց մասին ես խոսել եմ, կենտրոնացած են հակամարտության բոլոր կողմերի վրա, դրանցից ոչ մեկը միակողմանի չէ»,-պատասխանել է նա: Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հստակ հասկացրել է, որ թեև գործը դատարան հանձնելը «պայմանավորված է Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա», նրա իրավասության սահմաններում է բոլոր կողմերի հնարավոր խախտումների հետաքննությունը:
Դիվանագետի վարկածով՝ «գործնականում ռուսական և ուկրաինական զորքերի հասցեին մեղադրանքների խիստ անհամաչափ մակարդակ է նկատվում»: Նա հավելել է, որ ցանկացած միջազգային ջանք պետք է ուղղված լինի բոլոր կողմերին և տեղեկատվության հավաքմանը՝ առանց բացառությունների:
ԱՄՆ-ն խոսել է ուկրաինական բանակի մարդկային կորուստների մասին և մոտավոր թիվ հրապարակել