Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը դռնփակ է

Քռչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը. Արխիվային լուսանկար
Նման միջնորդություն ներկայացրեց Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, նիստի մասնակից մյուս կողմերն էլ չառարկեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ ռեժիմով է անցկացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նման միջնորդություն ներկայացրեց Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, որը շեշտեց, որ իրենք մեկ այլ միջնորդություն պետք է ներկայացնեն, ինչի համար պետք է նիստը դռնփակ անցկացվի։
Մինչ այդ Սահակյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի միջև վեճ եղավ։
Փաստաբանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարանին` դադարեցնել Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը և թույլ տալ վերջինիս որոշակի ժամանակով բացակայել Հայաստանից։

«Երկրից բացակայելու միջնորդությունը պետք է այսօր քննարկվի, քանի որ ճամփորդությունը նախատեսվում է հունիսի 19-ից։ Սա պետք է քննվի առաջինը, այնուհետև քրեական հետապնդման հարցը, քանի որ իմ պաշտպանյալն անձեռնմխելիություն ունի։ Երկու միջնորդությունն էլ պետք է անհապաղ քննարկվի»,- նշեց Սահակյանը։

Դանիբեկյանը պնդեց, որ սույն դատական նիստում դրանք անպայման կքննարկվեն հենց ներկայացված հերթականությամբ, սակայն սկզբում պիտի քննվեն ապացույցների հետազոտությունների միջնորդությունները։
Գևորգյանի փաստաբանն առարկեց և ընդգծեց ևս մեկ անգամ, որ իր պաշտպանյալն անձեռնմխելիություն ունի ու ոչ մի վայրկյան չպետք է գտնվի դատական նիստերի դահլիճում։ Դանիբեկյանն էլ կրկնեց` դատարանը կքննի միջնորդություններն իր ասած հերթականությամբ։
Խոսքի իրավունքը տրվեց դատախազներին, սակայն այդ պահին միջամտեց 2-րդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը` ասելով, որ Դանիբեկյանի` Սահակյանի ներկայացրած միջնորդությունը արտակարգ կարգով քննելուց հրաժարվելը խոսում է մի բանի մասին, որ այն ամեն դեպքում կմերժվի։
Դրանից հետո միայն Սահակյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել։ Դատավորը համաձայնեց, և նիստը շարունակվում է առանց տեսախցիկների։
Նշենք, որ նախորդ դատական նիստը կայացել է մայիսի 24-ին, որի ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր անփոփոխ թողնել Քոչարյանի խափանման միջոց գրավը։
Այս միջնորդության քննությունն անցել էր դռնփակ ռեժիմով։
«Դանիբեկյանը լարվածություն է ստեղծում». Քոչարյանի և Գևորգյանի գործով նիստը դարձավ դռնփակ