Ռումինիային երկար ժամանակով ավելի շատ ՆԱՏՕ-ի զինվորականներ են հարկավոր իր տարածքում. ԱԳՆ

ՆԱՏՕ-ական զինվորներ. Արխիվային լուսանկար
Պաշտոնապես Ռումինիայում ռազմական խմբի ձևավորման գործընթացը սկսվել է մայիսի 1-ին։ Իշխանությունները հույս ունեն, որ այն կարող է ավարտվել մինչև այս տարվա վերջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռումինիան ՆԱՏՕ-ի զինվորների թվի ավելացման կարիք ունի, նրանք պետք է երկար ժամանակով երկրի տարածքում գտնվեն։ Այս մասին Digi24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարի խոսքով ՝ դաշնակիցները պետք է ավելի հետևողական լինեն Ռումինիայի տարածքում ռազմական անձնակազմի ներկայության հարցում: Ընդ որում, նա նշել է, որ այս պահին երկրում գտնվում է ՆԱՏՕ-ի 5 հազար զինվոր:
«Մենք շահագրգռված ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների արևելյան թևում երկարաժամկետ ներկայության հարցում, մի բանաձևով, որն ակնհայտորեն պետք է չափվի ոչ միայն Ռումինիայում զորքերի թվաքանակով, այլև շատ այլ չափանիշներով,- հայտարարել է Աուրեսկուն:
Նա նշել է, որ պաշտոնապես Ռումինիայում ռազմական խմբի ձևավորման գործընթացը սկսվել է մայիսի 1-ին: Իշխանությունները հույս ունեն, որ այն կարող է ավարտվել մինչև այս տարվա վերջ ։
«Դա կախված կլինի այդ մարտական խմբի կազմի մեջ մտնող դաշնակիցներից ու այն բանից, թե որքան արագ մենք կշարժվենք»,-ասել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չԷ կրճատել ռազմական ներկայությունը Եվրոպայում: Ընդհակառակը, Վաշինգտոնը ծրագրում է ավելացնել Ռումինիայում և այլ երկրներում զորքերի քանակը Ուկրաինայի շուրջ լարվածության դեպքում։
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ողջունել էր Եվրոպայում, այդ թվում՝ Ռումինիայում ամերիկացի զինվորականների թվաքանակի ավելացման մասին ԱՄՆ նախագահի խոսքերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելյան եզրն ուժեղացնելու պատրաստակամության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը: