Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Արտեմ Պատապուտյանը ԵՊԲՀ-ում
Գիտնականը Երևան է ժամանել հունիսի 11-ին՝ մասնակցելու Գիտության և բիզնեսի օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայազգի Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Մեր համալսարանի համար այսօր հատուկ օր է, քանի որ Պատապուտյանն այստեղ զեկույց է ներկայացնելու։ Ասեմ նաև, որ այն բույսի հատիկը, որի վրայից նա ստացել է հայտնի մոլեկուլը, այսօր տնկվեց նաև բժշկական համալսարանում։ Կսպասենք գիտության այդ ծառի պտուղներին»,– նշեց Մուրադյանը։
Պատապուտյանն էլ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ–ում գտնվելու և նման պատվի արժանացնելու համար։
Գիտնականը Երևան է ժամանել հունիսի 11-ին՝ մասնակցելու Գիտության և բիզնեսի օրերին։
Հիշեցնենք, որ բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին։ Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում ջերմաստիճանին ու հպումներին:
Արտեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան է, ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, 1986-ին տեղափոխվել է ԱՄՆ։